«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն անցկացրեց եռօրյա Ժողովրդավարության դպրոց՝ ընտրական իրավունքների թեմայով:
Հանդիպման ընթացքում «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախագահ Գյուլնարա Շահինյանն ընդգծեց ընտրական իրավունքների կարևորությունը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը խոսեց Հայաստանում և տարածաշրջանում ժողովրդավարության թեմայի շուրջ:

Ընտրական գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի դերը ներկայացրեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը: Նա քննարկեց ընտրական իրավունքների խախտումների կանխարգելման և հասցեագրման մեխանիզմները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործառույթները:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Մերի Մինասյանը խոսեց ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողության մեխանիզմների, դիտորդական առաքելությունների դերի և թափանցիկության ապահովման գործիքների մասին:

Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում: Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բանախոսներին, կիսվել դիտարկումներով և խորացնել իրենց գիտելիքները ընտրական գործընթացների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային վերահսկողության ոլորտներում:

Դասընթացին մասնակցում էին Արցախից տեղահանված կանայք և երիտասարդներ, ինչպես նաև մասնակիցներ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերից:

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English