Հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցավ բարձր մակարդակի թեմատիկ քննարկում՝ ««Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի վերաբերյալ Հայաստանի երրորդ Ազգային գործողությունների ծրագրի գործնական իրականացումը. «Ներդրում հանուն համաշխարհային խաղաղության»» խորագրով:
Քննարկումը կազմակերպվել էր «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի և Ներառական անվտանգության և խաղաղության գերազանցության կենտրոնի կողմից՝ «Արևելյան հարևանության դիմակայունության ամրապնդում 2» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից և իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից:
Միջոցառումը համախմբել էր պետական կառույցների, անվտանգության և պաշտպանության ոլորտների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու, թե ինչպես կարող է Հայաստանի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (WPS) երրորդ Ազգային գործողությունների ծրագիրը վերածվել գործնական արդյունքների:
Առաջին պանելային քննարկման ընթացքում բանախոսները կիսվեցին իրենց փորձով, տեսակետներով և WPS օրակարգի առաջմղմանն ուղղված ինստիտուցիոնալ մոտեցումներով: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) ներկայացուցիչ տիկին Սատու Կոյվուն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանը, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (WPS) օրակարգի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ տիկին Կարինե Սուջայանը, ՀՀ ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ տիկին Նատալի Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչ տիկին Անուշ Հակոբյանը, ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության պետ տիկին Դիանա Զարգարյանը և ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ տիկին Սաթենիկ Արտենյանը:
Բանախոսները քննարկեցին արդարադատության մատչելիությունը, գենդերային հավասարությունը, անվտանգ և ներառական աշխատավայրերի ստեղծումը, պաշտպանության և անվտանգության ոլորտներում կանանց մասնակցության ընդլայնումը և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» հարցերով Հայաստանի երրորդ Ազգային գործողությունների ծրագրի իրականացումը: Թեև վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցվել, նրանք ընդգծեցին, որ շարունակական ջանքեր են անհրաժեշտ գենդերային կարծրատիպերը հաղթահարելու, որոշումների կայացման մակարդակում կանանց ներկայացվածությունը մեծացնելու և գենդերազգայուն քաղաքականությունն էլ ավելի ամրապնդելու համար:
Երկրորդ պանելային քննարկման ընթացքում պաշտպանության ոլորտի, ոստիկանության, փրկարար ծառայության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կիսվեցին իրենց գործնական փորձով՝ քննարկելով ծառայության պայմանների բարելավումը, կանանց մասնագիտական առաջխաղացումը, ֆիզիկական պատրաստվածության չափանիշները և անվտանգության ոլորտում առավել մեծ ներառականության հասնելու ճանապարհին առկա մարտահրավերները:
Քննարկումն ամփոփվեց այն ընդհանուր ըմբռնմամբ, որ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (WPS) օրակարգը շատ ավելին է, քան պարզապես գենդերային հավասարությունը: Այն կենսական նշանակություն ունեցող շրջանակ է մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, ազգային դիմակայունության և կայուն խաղաղության ամրապնդման համար: Այս նպատակներին հասնելը պահանջում է սերտ համագործակցություն պետական կառույցների, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության միջև:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝