«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն իրականացրել է երկօրյա դասընթաց «Հետկոնֆլիկտային Հայաստանի սահմանամերձ շրջաններում կանանց նկատմամբ բռնության հիմնախնդիրների հասցեագրում» ծրագրի շրջանակներում․ դասընթացին մասնակցում էին ծրագրի շրջանակներում ստեղծված կանանց հանձնախմբերի ներկայացուցիչները Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզերից:
Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացմանն ուղղված Հայաստանի երրորդ ազգային գործողությունների ծրագիրը և Տեղական գործողությունների ծրագրերի (ՏԳԾ) մշակումը: Քննարկման նպատակն էր աջակցել համայնքներում տեղական գործողությունների ծրագրերի մշակման գործընթացին: Դասընթացը վարում էր «Դեմոկրատիան այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանը:
Այնուհետև հոգեբան Իննա Հայրապետյանը վարեց հոգեբանական դիմակայունության, հույզերի կառավարման և ինքնախնամքի վերաբերյալ սեսիա: Մասնակիցներին ներկայացվեցին գործիքներ և մեթոդներ, որոնք օգնում են առավել արդյունավետ հաղթահարել տրավման ու սթրեսը և կանխել մասնագիտական այրումը:
Արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կօգնեն նրանց առավել արդյունավետ մասնակցել տեղական գործողությունների ծրագրերի մշակմանը:
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն ծրագիրն իրականացնում է «Դաններ» հիմնադրամի հետ համագործակցությամբ և CISU-ի աջակցությամբ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝