2026 թ. հոկտեմբերի 6-ին «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում հյուրընկալել էր քննարկում՝ նվիրված վերջին 26 տարիների ընթացքում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ) օրակարգի զարգացմանը և ԿԽԱ հարցերով Հայաստանի երրորդ Ազգային գործողությունների ծրագրի ձեռքբերումներին: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» գերազանցության կենտրոնի աշխատանքը, որը հիմնադրվել է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ՝ BREN ծրագրի միջոցով:
Քննարկումը բացեց ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կարինե Սուջայանը: Նա ներկայացրեց «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ձեռքբերումները՝ ԿԽԱ հարցերով Հայաստանի երրորդ Ազգային գործողությունների ծրագրի (2025–2027 թթ.) ընդունման առաջին տարելիցին ընդառաջ:
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախագահ տիկին Գյուլնարա Շահինյանն անդրադարձավ վերջին 26 տարիների ընթացքում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի էվոլյուցիային՝ ընդգծելով դրա աճող նշանակությունը գենդերային հավասարության խթանման, խաղաղության և անվտանգության գործընթացներում կանանց բովանդակային մասնակցության ամրապնդման և մարդկային անվտանգության ավելի լայն ընկալման գործում:
Ծրագրի ղեկավար օրիորդ Եվա Մովսեսյանը ներկայացրեց «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» գերազանցության կենտրոնի գործունեությունն ու ձեռքբերումները հիմնադրման պահից ի վեր: Դրանք ներառում են երեք թեմատիկ տեղեկագրերի հրատարակումը, համայնքներում անցկացված շուրջ հինգ հանդիպումները, երկու կլոր սեղան-քննարկումները և մասնագիտացված կայքի մշակումը, որն ապահովում է հասանելի տեղեկատվություն և ռեսուրսներ ԿԽԱ ոլորտում աշխատող մասնագետների և կազմակերպությունների համար:
Միջոցառմանը մասնակցում էին «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Միացյալ Թագավորության, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Քուվեյթի, Օմանի, Կատարի և Սիրիայի դեսպանությունների ներկայացուցիչներ:
Մասնակիցները հարցեր ուղղեցին և մտքեր փոխանակեցին ԿԽԱ օրակարգի իրականացման, Հայաստանում արձանագրված առաջընթացի, ինչպես նաև պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների միջև համագործակցության ամրապնդման հնարավորությունների վերաբերյալ:
Քննարկումը վերահաստատեց շարունակական երկխոսության, գիտելիքների փոխանակման և համագործակցության կարևորությունը՝ ԿԽԱ հանձնառությունները գործնական քայլերի վերածելու հարցում: Գերազանցության կենտրոնը կշարունակի աջակցել այս ջանքերին՝ տրամադրելով հարթակ տեղեկատվության, մասնագիտական փոխանակման և համագործակցության համար՝ նպաստելով Հայաստանում գենդերային հավասարությանը, ներառական անվտանգությանը և կայուն խաղաղությանը:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English