«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն, Ֆոլկե Բերնադոտի ակադեմիայի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Խաղաղության և դիմակայունության ամրապնդում Հայաստանի սահմանամերձ համայնքներում՝ տեղական առաջնորդության հզորացման միջոցով» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ավագանու անդամների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների վարչությունների և բաժինների պետերի համար անցկացվեց «Ֆասիլիտացիայի և միջնորդության հմտություններ» թեմայով դասընթաց:
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան ֆասիլիտացիայի և խաղաղության միջնորդության գործիքներին, մասնակցեցին վստահության ամրապնդման վարժությունների և քննարկեցին համայնքային երկխոսության ու համագործակցության արդյունավետ մեխանիզմներ:

Բացման խոսքով և ծրագրի ներկայացմամբ հանդես եկան Ֆոլկե Բերնադոտի ակադեմիայի ներկայացուցիչներ Յուլիա Քվիստ Ուդենբերգը և Մոնա Հոսեյնին, ինչպես նաև «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գյուլնարա Շահինյանը:
Դասընթացի առաջին օրը մասնակիցներն ուսումնասիրեցին ֆասիլիտացիայի հիմնական մոտեցումներն ու գործիքները: Յուլիա Քվիստ Ուդենբերգը ներկայացրեց «Ֆասիլիտացիա. գործընթացի դյուրացում և 4-քայլանի պրակտիկա» թեման, ինչպես նաև ֆասիլիտացիայի հիմնական հմտությունները:
Մոնա Հոսեյնին ներկայացրեց «Երեք Պ» մոտեցումը՝ Մարդիկ (People), Նպատակ (Purpose) և Գործընթաց (Process), և ֆասիլիտացիայի երկու հիմնական չափանիշները, ինչպես նաև հաղորդակցման այնպիսի տեխնիկաներ, ինչպիսիք են վերաձևակերպումը և վավերացումը:
Մասնակիցները ներգրավվեցին դերային խաղերում և գործնական աշխատանքներում՝ կիրառելով համայնքային հանդիպումների ֆասիլիտացիայի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ: Օրն ավարտվեց անհատական անդրադարձի նիստով, որը կենտրոնացած էր ստացված գիտելիքների հետագա կիրառման վրա:
Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր առավել ներառական և մասնակցային համայնքային երկխոսությունների ստեղծմանը: Քննարկումներն անդրադարձան անվտանգ և վստահելի միջավայրի ստեղծման մեխանիզմներին, ֆասիլիտացիայի ընթացքում հանդիպող մարտահրավերներին, ինչպես նաև բարեկեցության, ինքնակարգավորման և անհապաղ աջակցության ռազմավարություններին:
Խմբային աշխատանքների ընթացքում մասնակիցները մշակեցին իրենց համայնքներում իրականացվելիք միջոցառումների գործողությունների ծրագրեր՝ կիրառելով դասընթացի ողջ ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները:
Դասընթացի նպատակն էր հզորացնել տեղական առաջնորդների կարողությունները՝ իրենց համայնքներում կառուցողական հաղորդակցության, վստահության և խաղաղ համագործակցության խթանման գործում:

Ծրագիրն իրականացվում է FBA-ի աջակցությամբ:

Այս հրապարակումը հասանելի է նաև հետևյալ լեզվով՝ English